ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրավերները

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրավերները
30.09.2008 | 00:00

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ՄԻՇՏ ԷԼ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ Է
Արևելյան Եվրոպայում այսօր նկատվում է կառավարությունների և քաղաքական գործիչների ինքնուրույնության բարձրացման միտում։ Դա բացատրվում է արևելաեվրոպական երկրներում տնտեսական խնդիրների և անվտանգության հարցերի ավելի կամ պակաս հաջող լուծվածությամբ և այն իրողությամբ, որ այս պետություններն ավարտել են միջազգային և այլ քաղաքական պայմաններին ադապտացվելու փուլը։ Սակայն դա իր հերթին հանգեցրել է հակասությունների այդ պետությունների ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ։ Այդ միտումը տեսանելի է ինչպես արդեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դարձած արևելաեվրոպական պետություններում, այնպես էլ Հարավային Կովկասի երկրներում, ուր կառավարող վարչակազմերը փորձում են ցուցադրաբար անտեսել միջազգային հարաբերությունների կանոնները և Եվրատլանտյան կառույցների առջև ստանձնած պարտավորությունները։ Հարկ է ընդգծել, որ Արևելյան Եվրոպայի պետությունների քաղաքական ղեկավարությունը շահագրգիռ է շեշտադրելու այս կրկնակի «անկախացման» հանգամանքը, որ տեղի է ունենում հայրենասիրական ցուցանակի ներքո, քանի որ այդպիսի քաղաքական կեցվածքը հնարավորություն է տալիս հիմնավորելու իրենց գոյությունն իշխանության ղեկին։ Այդ իրողությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է արտահայտված։
Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ներկայիս կառավարող խմբավորումը, ժամանակին սերտ համագործակցելով Ռոբերտ Քոչարյանի հետ, սկսած նախորդ խորհրդարանական ընտրություններից, իրականացնում էր արևմտյան հանրության պահանջների անտեսման քաղաքականություն։ Դա տվեց շոշափելի արդյունքներ, քանի որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը գործնականում հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ուժեղ ճնշում գործադրելուց, ինչը պայմանավորված էր նաև խորքային այլ գործոններով։ Նրանք նախընտրեցին անցնել պրագմատիկ համագործակցության Հայաստանում իշխող վարչակարգի հետ՝ անկախ ժողովրդավարության մակարդակից։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը որոշ չափով պայմանավորված էր Բուշի վարչակազմի լիազորությունների ավարտմամբ, և ամերիկացիները չէին ցանկանում սրել իրավիճակը Հարավային Կովկասում, քանի որ տարածաշրջանի երկրների վրա քաղաքական և ժողովրդավարության հարցերով գործադրվող ճնշումն ազդում է նաև անվտանգության մակարդակի վրա, ինչը չի բխում ԱՄՆ-ի և նրա գործընկեր պետությունների շահերից։ Այսպիսով, Սերժ Սարգսյանի և գործող թիմի նման դիրքորոշումն արդյունավետ էր այնքան ժամանակ, քանի դեռ չէին ավարտվել նախագահական ընտրությունները Հայաստանում, և նախընտրական պայքարն ԱՄՆ-ում չէր մոտեցել վերջնագծին։ Սակայն ԱՄՆ-ում ապագա, և ամենայն հավանականությամբ, դեմոկրատներից կազմված վարչակազմը, ինչպես նաև եվրոպական աջ լիդերներն այլևս չեն հանդուրժելու Հայաստանում ստեղծված իրավիճակը և կօգտագործեն այն՝ զանգվածային ճնշում գործադրելու համար։
Հավակնելով նախագահի պաշտոնին՝ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ այս անցումային փուլում իրեն անհրաժեշտ է Ռուսաստանի միանշանակ աջակցությունը, որպես հզոր փաստարկ Արևմուտքի հետ երկխոսության մեջ և ընդդիմախոսների դեմ երկրի ներսում։ Սակայն ընտրություններից հետո նա հարկադրված էր նորից վերակառուցել փոխհարաբերություններն Արևմուտքի հետ։ Ենթադրվում էր, որ նոր նախագահը ամերիկացիների ու եվրոպացիների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ շփումների բավականաչափ փորձ ունի և չի կարող չհասկանալ, թե ինչ պահանջներ կառաջադրվեն Արևմուտքին մոտ ապագայում։ Սակայն իրականում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական փորձառությունը դեռևս այդքան բազմազան չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ նա հասկանում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ ստեղծելու նախկին հույսերը չեն կարող արդարանալ, և Հայաստանը ստիպված է լինելու որոշակիացնել իր արտաքին քաղաքականությունը։ Վերջին տարիներին Հայաստանում փոխվել են հասարակական առաջնահերթություններն ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսական խնդիրների հետ կապված։ Եթե նախկինում տնտեսական հարցերն ամենացավոտն էին հասարակական երկխոսության մեջ, ապա այսօր, երբ երկիրը հաղթահարել է բազմաթիվ խնդիրներ և որոշակի դինամիզմ հաղորդել տնտեսական ու սոցիալական զարգացմանը, կարևորագույն պրոբլեմ է դարձել անվտանգությունը և պաշտպանունակության ամրապնդումը՝ որպես արտաքին քաղաքականության նպատակ և խնդիր։ Հասարակությունը հաղթահարում է այս հարցերի քննարկման տաբուները, այդ թվում զինված ուժերի վիճակի և արտաքին քաղաքական հարաբերությունների մասով։ ՈՒշադրության է արժանի այն, որ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՆԱՏՕ-ի թեման արժանացավ որոշակի քննարկման, թեպետ այդ առումով սպասելիքներն ավելի մեծ էին։ Որովհետև դեպի Եվրամիություն ինտեգրացիան այսօր հասարակության մեծամասնության համար դարձել է միանգամայն բնական, ընդունելի և չի դիտարկվում այնպիսի մի բան, որ անհամատեղելի է երկրի արտաքին քաղաքականության հետ, ուր առաջնահերթը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Հասարակության մեջ եվրոպական ինտեգրացիան դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև հենց անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև իրավաքաղաքական և սոցիալ-մշակութային առումներով։ ՆԱՏՕ-ի թեման պահանջում էր ավելի մասնագիտական դիտարկում, և դա իր արտահայտությունը գտավ ոչ միայն պրոֆեսիոնալների շրջանում, այլև ԶԼՄ-ներում։ Այդ բանավեճի հիմնական շարժառիթը մի շարք հարցեր են, ամենից առաջ մտահոգություններ, որ Հայաստանը կարող է հայտնվել ռազմաքաղաքական շրջափակման մեջ, նկատի ունենալով տարածաշրջանի այն պետությունների բանակների զարգացումը, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպես նաև իրական վտանգների գիտակցումը և կասկածներն այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության առումով այլևս չունեն զսպող դեր, եթե նկատի ունենանք թուրք-ամերիկյան և թուրք--եվրոպական հարաբերությունների վատթարացումը։
Հայկական ԶԼՄ-ները և հասարակությունը ծանրաբեռնված են նաև Ռուսաստանի հուսալիության մասին բանավեճով, որպես Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերոջ, ինչպես նաև երկրի բանակի անբավարար կացության հետ կապված, որ պայմանավորված է ինչպես ընդհանուր սոցիալական, այնպես էլ զուտ պրոֆեսիոնալ բնույթի պատճառներով։ Այդ տրամադրությունների աճին նպաստում է երկու կարևոր հանգամանք. Ռուսաստանի քաղաքականությունը և նրա զինված ուժերի թշնամական գործողությունները Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ 1991-92 թվականներին, ինչպես նաև այն սահմանափակումները, որ Ռուսաստանը մտցրել էր 1996-2003 թվականներին` Հայաստանին զենք և զինամթերք տրամադրելու հետ կապված, ինչը պայմանավորված էր Մոսկվայի քաղաքականությունը Հարավային Կովկասում հավասարակշռելու պատրանքներով։ Հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր փուլը, որ սկսվեց 2003-ին համապատասխան որոշումների ընդունումից հետո, տեղեկատվության բացակայության և թեմայի առանձնահատկությունների պատճառով լայն լուսաբանում չի ունեցել։ Միաժամանակ կան մտահոգություններ, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել զինված ուժերի քանակի կրճատման անընդունելի պահանջների և արտաքին քաղաքականության ոլորտում անցանկալի պարտադրանքների, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ 2008 թվականն իր հետ բերեց նոր արտաքին մարտահրավերներ` պայմանավորված ոչ այնքան Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով, որքան Ռուսաստանի և Թուրքիայի միջև հռչակագրային դաշինքի ստեղծման փորձերով, որ նպատակ ունի քաղաքական առումով շրջափակել տարածաշրջանը՝ առավելագույնս դուրս մղելով ԱՄՆ-ին։ Այսպիսով, Հայաստանի առջև դրված են ոչ միայն նոր կամ ավելի շուտ ավանդական ռուս-թուրքական խաղի պայմանները, այլև պարտադրվում են կոնկրետ միջոցառումներ, ինչպես, օրինակ, «ֆուտբոլային դիվանագիտությունը»։
Այսպիսի հասարակական և քաղաքական պայմաններում Սերժ Սարգսյանը թերևս փորձելու է շարունակել Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավելու քաղաքականությունը, ինչը կարող է խնդիրներ ստեղծել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Քանի որ այդ քաղաքականությունն արդյունավետ լինել չի կարող, և Հայաստանն, անկասկած, կհայտնվի արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, այն դեպքում, երբ հարևան պետությունները, ինչպես նաև հավանական հակառակորդները, կշարունակեն նոր դիրքեր նվաճել աշխարհում։ Թեպետ առայժմ միջազգային գործնական հարաբերություններում չեն եղել Հայաստանին տնտեսապես ճնշելու դրսևորումներ։ Ճիշտ հակառակը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և եվրոպական ընկերակցության կառույցների գնահատականներով երկիրը բարելավել է տնտեսական ցուցանիշները։ Բայց միաժամանակ անհնար է ժխտել, որ մոտ ապագայում Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է վերանայվել։ Դրա համար կան փաստարկներ, մասնավորապես այդքան ընդգծված և միակողմանի համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակը, ուր Հայաստանն արևելաեվրոպական երկրների շարքում առանձնապես լավ դիրքեր չունի։ Արևմուտքի դիրքորոշման փոփոխության համար ոչ պակաս կարևոր գործոն կարող է հանդիսանալ ընդհանուր վերաբերմունքը իշխող խմբավորման նկատմամբ, որը, ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատականներով, արևմտյան աշխարհում համարժեք ընկալում չունի։ Արևմուտքի դժգոհությունն է հարուցում այն, որ իշխող խմբավորման մեջ են Հայաստանի ամենահարուստ մարդիկ, որոնք միաժամանակ աղքատ երկրում բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Այս կաղապարված մոտեցումն արդեն վաղուց և բավական լայնորեն տարածում է գտել ու հետևողականորեն կիրառվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան փորձագետների կողմից։ Դա խոսում է այն մասին, որ այդ ձևակերպումը ծնունդ է առել քաղաքական ծրագրավորման կենտրոններից մեկում ու այդ պատճառով էլ արևմտյան շրջանակներում կիրառվում է շատ հետևողականորեն։ Միաժամանակ, առայժմ չկան նախադրյալներ կարծելու, որ դա կդառնա երկրի նկատմամբ ճնշումների գործադրման հիմնական միջոցներից մեկը։ Ամերիկացիների համար շատ ավելի կարևոր է այն, որ Սերժ Սարգսյանը լուրջ և սերտ կապեր ունի Ռուսաստանի քաղաքական և վարչական շրջանակների հետ, և դա հիմք է տալիս որոշ կանխատեսումների, թե նա, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, չի արժանանա պաշտոնական ընդունելության Սպիտակ տանը։ Կասկածի տակ է նաև եվրոպական քաղաքական գործիչների հետ հարաբերությունների կառուցումը, ինչը որոշ չափով հաջողվում էր նախկին նախագահին։ Բոլորովին չի բացառվում, որ Արևմուտքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի նախագահին հայկական Լուկաշենկոյի վերածելու համար։ Այդ պայմաններում Ռուսաստանը հեռանկարում կունենա նվիրված, բայց շատ խոցելի գործընկեր Հարավային Կովկասում, ու Հայաստանը հարկադրված կլինի մշտապես դիմել Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական դաշտում աջակցություն ստանալու համար՝ միաժամանակ կորցնելով իրավիճակի վրա ներազդելու իր առանց այն էլ սահմանափակ լծակները։
Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանին սպասում են նոր մարտահրավերներ և նոր խնդիրներ, որոնց լուծումներն էական զիջումներ կպահանջեն ամենից առաջ Եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության ուղղությամբ։ Միանգամայն հավանական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն առաջիկայում թողնի անվստահության, անհետևողականության տպավորություն և, ըստ այդմ, լինի անարդյունավետ։ Դա իր հերթին չի կարող չանդրադառնալ տնտեսության զարգացման և սոցիալական ոլորտի վրա։ Կարելի է ենթադրել, որ Արևելյան Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների դինամիկան կհանգեցնի Արևմուտքի քաղաքականության սրբագրման, երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատրաստ կլինեն Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության՝ նույնիսկ անկախ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական ամրապնդումից։ Բայց առայժմ այսպիսի հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ պայմանավորված է լինելու նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններով։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, դա կհանգեցնի Հայաստանում իշխանության թուլացման, նրա ժողովրդականության և գործնական հնարավորությունների նվազման։ Այդ համատեքստում չի բացառվում, որ Հայաստանում սկսվի անկայունության նոր ժամանակաշրջան։ Իշխանության կառավարման անընդունակության վերջակետը կդրվի այն դեպքում, երբ նա համաձայնություն տա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ նախաձեռնության, ուր ամրագրված կլինեն ակնհայտ պարտվողական դրույթներ, տարածքային զիջումներ Ադրբեջանին։
Միևնույն ժամանակ, տիրապետելով գործնականում ողջ իշխանությանը, նախագահ Սերժ Սարգսյանը, առանց ուշադրություն դարձնելու կոալիցիոն կուսակցություններին, կարող է իր ձեռքը վերցնել բոլոր ներքաղաքական լծակները և ամրապնդել իր իշխանությունը։ Այսինքն, արհամարհելով արտաքին մարտահրավերները, ընդլայնել իրեն աջակցող սոցիալական բազան երկրի ներսում, այդ նպատակին հասնելու համար առանձնապես տուրք չտալով էթիկային։ Չնայած Հայաստանի համար խիստ բացասական արտաքին քաղաքական հանգամանքների առկայությանը, դրսում երկրի ունեցած ոչ այնքան բարենպաստ կերպարին, կան հնարավորություններ արտաքին հանգամանքներն անտեսելու՝ միաժամանակ առանց վնաս հասցնելու երկրին և իշխանությանը։ Համաշխարհային ֆինանսական և քաղաքական ճգնաժամն արդեն փաստ է, արևմտյան հանրությունը տարաբաժանված է, լուծված չեն ահաբեկչության դեմ պայքարի հիմնական խնդիրները, աճում են անկառավարելիությունն ու քաոսը միջազգային հարաբերություններում։ Այս պայմաններում ինչպես շատ բաներով, այնպես էլ Հայաստանով հիմնավորապես զբաղվելու ժամանակ ոչ ոք չունի։ Ճիշտ է, մեզ սպասում են դժվար ժամանակներ, սակայն մեր պետականության ոչ երկարամյա փորձը ցույց տվեց, որ որքան վատ է աշխարհում իրավիճակը, դա նույնքան լավ է արտաքին քաղաքական պրոբլեմներ ունեցող փոքր երկրների համար։ Եվ ընդհակառակը, եթե իշխանությունը շարունակի հետևել ինչ-որ հորինված սխեմաների և արտաքին քաղաքականության կանոնների, որոնց ոչ ոք արդեն չի հավատում, հենց դա էլ կարող է հանգեցնել աղետի։ Իշխանության ներկայիս խորհրդատուները, որոնք մեծ գործնական ազդեցություն ունեն երկրի կառավարման և մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ, ոչ այլ ինչ են, եթե ոչ դպրոցականներ կամ կիսագրագետ ձևապաշտներ, ովքեր արդեն վաղուց իրենց համար տեղ են պատրաստել ավելի բարեկեցիկ երկրներում։ Իսկ մեր հայրենիքի մասին նրանք դատում են իբրև «զզվելի վայրի», որն իրենց համար ընդամենը «գոյատևման միջավայր է»։ Պարզ է, որ աղետի դեպքում այդ մարդիկ պատասխանատու չեն դիտվելու։ Միշտ և բոլոր դեպքերում պատասխան է տալու մեկ մարդ։ Վերջին խոսքը միշտ էլ նախագահինն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4940

Մեկնաբանություններ